«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ասում եք՝ ու՞ր էինք մենք, երբ երկու օր առաջ Ազգային ժողովի կին պատգամավորներ էին հեռացվում փողոցի բանուկ մասից: Ասում եմ՝ ուր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սևազգեստ մայրերին: Այ էստեղ էիք,- ասաց նա՝ ցուցադրելով մի քանի լուսանկար՝ դրանք մեկնաբանելով,- մարտի մեկից առաջ նախագահական ընտրություններին ստացած 300.000 քվեն փաթեթով նվիրում էինք ՀՀԿ-ին, հետո՝ կոալիցվում ու ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդիմություն, ավելի ճիշտ՝ այլընտրանք աշխատում: Այ էստեղ էիք՝ Սերժ Սարգսյանին ադամանդակուռ շղթայով հովազ էիք նվիրում: Ի միջի այլոց, էս հովազը հայտարարագրված չի, կամ դուք հովազն եք կեղծել, կամ Սերժ Սարգսյանը՝ հայտարարագիրը»:
Ըստ Մկրտչյանի՝ իրենք արժեքաբանական առումով անհամատեղելի են: «Որովհետև մենք կազինոներ ու ցեմենտի գործարաններ չունենք, սարի գլխին դղյակ, դղյակի գլխին՝ դղյակ, դղյակի գլխի դղյակի գլխին՝ Բենթլիներով ու Ռոլս Ռոյսերով լի գարաժներ չունենք, մեր տներում արջերի փռած լեշեր չունենք: Թե բա՝ ժողովուրդը սոված ա: Իրար հետ հանդիպելու ու պայմանավորվելու բան չունենք, քանի որ մենք անտառաճանաչ դեգեներալներ ու սավաննայում սատկած առյուծ քշող չենք:
Ասում եք՝ մեր հեղափոխության վերջը եկել է, որ 7 տոկոս ձայն էլ չունենք: Ծանոթ պատմություն ա: Էդ 7 տոկոսի մասին 2018 թվականին ուրիշ խոսացող էլ կար, երբ փողոցները փակում էր ժողովուրդը, իսկ ժամեր առաջ նույն ժողովուրդը բացում էր փողոցները «Մուլտի գրուպի» կամազներից ու ավտոբուսներից:
Էդ եկել մե՞զ եք ասում՝ պատասխան եք տալու, օրեր մնաց, ժամը գալու ա, դուք մինչև վերջ գնալու եք: Ժողովուրդը տեսել ա՝ ոնց եք մինչև վերջ գնում 2015-ին, ու ոնց ենք մենք մինչև վերջ գնում 2018-ին: 2018-ի մասին: 2018-ի ապրիլի 12-ին, Պտղնիում, Երևան քայլելու նախորդ օրը հեղափոխական թիմով իրար մահվան երդում ենք տվել: Էդ երդումը ուժի մեջ ա հիմա և վաղը՝ նույնպես: Եթե դուք մինչև վերջ գնացող եք, մենք էդ վերջում կանգնած ենք: Եկեք տեսնենք՝ ով եք»:
Մկրտչյանը նաև շեշտեց՝ սա բացառապես իրավական գործընթաց է, և պետք է ունենա իրավական գնահատական:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոներների սեղանի գիրքը, Աստվածաշունչը: Չկա այլընտրանք: Ժողովրդի քվեն աճուրդի հանողները պետք է արևը տեսնեն վանդակավոր, և չկա այլընտրանք»,- ասաց նա: