«Մի քանի անգամ եղել է, որ մենք կարանտինի վերադառնալու եզրին ենք եղել: Բայց սկսել ենք վերլուծել ու հասկացել ենք, որ վարակի տարածման ամենամեծ օջախը հարևանությունն է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ:
Փաշինյանը նշեց, որ կարող են արգելել քաղաքացիներին, օրինակ՝ Հանրապետության հրապարակ գալը, բայց դրանից իրավիճակը չի փոխվի, քանի որ վարակի տարածման ամենամեծ օջախը բակերն են, հարևանությունը: «Մի շքամուտքում վարակվում է, հետո շղթայական տարածվում է, որովհետև մենք շատ լավ, շատ սիրելի սովորություն ունենք՝ միմյանց տուն սուրճ խմելու գնալը»,- հիշեցրեց վարչապետը:
Ըստ նրա՝ երբ կարանտինի խիստ ռեժիմ հայտարարվեց, ինչ-որ պահից վարակվածների թիվը սկսեց աճել: «Մարդիկ ձանձրույթից սկսեցին ավելի շատ իրար տուն գնալ՝ սուրճ խմելու, և դրանից վարակն ավելի շատ սկսեց տարածվել: Հետևաբար, այո, մենք քանի անգամ եկել, եզրին ենք հասել, բայց հետո հասկացել ենք, որ պայքարի մեր մեթոդը մարդկանց հետ խոսակցությունն է: Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը դնել ոստիկան»,- հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը քաղաքացիներին կոչ արեց առանց դիմակի չհաղորդակցվել ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ, պահպանել սոցիալական հեռավորությունը նաև դիմակով շփվելիս ու ախտահանել ձեռքերը: