ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ «Չեք լռեցնելու» պաստառով:
«Այլևս ՀՀ-ում դուք անցաք թույլատրելիի շեմը: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կանգնած է լուրջ ընտրության առջև՝ իրոք ՀՀ-ում սահմանել նոր Հայաստանի խոստացած սկզբունքների կետե՞րը, թե՞ անցնել այն ճանապարհով, որը եղել է նախկինում: Այսօր դուք ոտնձգություն եք իրականացնում Ազգային ժողովի պատգամավորի ինստիտուտի նկատմամբ:
ԱԺ պատգամավորին ՀՀ Սահմանադրությամբ տրված են բավարար լիազորություններ գործողություններ իրականացնելու և չլռելու, խնդիրների մասին խոսելու: Հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդը խոսել է խնդիրներից, մատնանշել է խնդիրներ, և ինչպիսին է եղել քաղաքական մեծամասնության արձագանքը, որևիցե քաղաքական մեկնաբանություն չի եղել»,- նշեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, որևէ առերեսում չի եղել, գործն էլ շինծու է՝ խորհրդարանական թիվ 1 ընդդիմադիր ուժին լռեցնելու: