Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի թեմայով ապատեղեկատվության տարածմանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը զբաղվում է այդ հարցով, ու եթե օրենսդրական բացի պատճառով չգտնվեն իրավական պատասխանատվության կանչելու մեխանիզմներ, կքննարկեն այդ փաստերը հրապարակայնացնելու տարբերակը: «Որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ՝ ով ով է և ինչով է զբաղվել այս ընթացքում»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են, որ կորոնավիրուսից հնարավորինս շատ մարդ մահանա, հնարավորինս շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ վնասներ կրի:
«Ուզում են հնարավորինս մեծ պրոբլեմներ լինեն, որ էդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա»,- ասաց վարչապետը:
Նա որպես օրինակ նաև մատնանշեց. «Որքան էլ վատ հնչի՝ պիտի ասեմ՝ Երբ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» մարդկանց էինք մեկուսացնում, մի ընդդիմադիր քաղաքական շրջանակից լուր է եղել, որ իրականում այնտեղ ոչ թե մեկուսացրել են մարդկանց, այլ Հայաստանում, այդ հյուրանոցում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա համաշխարհային կոնգրես է եղել, դրա համար փակել են հյուրանոցը, որ մարդիկ չիմանան, ինչի մասին է խոսքը: Այս աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր…ու հետո այդ նույն մարդիկ հետագայում վիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործելու են կառավարության դեմ, ասելով՝ կորոնավիրուս չկա: Բայց իրենք էլ բախվել են այդ խնդրի հետ, որովհետեւ կոնկրետ քաղաքական մի շրջանակի մի ներկայացուցչի ընտանիքի անդամը, որը տարածել է լուրը, ինքն էլ վարակվել է, իհարկե, բոլորովին վերջերս: Դուք հասկանո՞ւմ եք ինչ աստիճանի հակապետական գործողություն կարելի է իրականացնել»,- ասաց վարչապետը:
Միաժամանակ նա հիշեցրեց, որ կառավարությունն առաջին օրից ամեն ինչ արել է, որ լինի հարյուր տոկոս թափանցիկ: «ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի հետ կապված չկա այնպիսի ինֆորմացիա, որին չի տիրապետում»,- ասաց Փաշինյանը: