Ռուսաստանի Դաշնության իշխանությունները խոստացել են իրենց դաշնակից Իրանի կողքին լինել Թեհրանի շուրջ միջուկային լարվածության ֆոնին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հյուրընկալել է իրանցի պաշտոնակից Ջավադ Զարիֆին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ամեն ինչ կանի Իրանի ու համաշխարհային տերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը պահպանելու համար, որը սկսեց քանդվել երկու տարի առաջ, երբ ԱՄՆ-ը հայտարարեց գործարքից դուրս գալու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին:
Լավրովը հավելել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ոչ ոք չկարողանա քանդել այդ համաձայնագիրը: Լավրովի հավաստմամբ՝ Վաշինգտոնն իրավունք չունի պատժելու Իրանին: