Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում: Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թթ. ժամանակահատվածում:
Զեկույցը բաղկացած է խմբավորված հետևյալ հինգ բաժիններից՝
-
մարդկային կապիտալի զարգացում.
-
ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում.
-
կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն.
-
շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար.
-
համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:
Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում: