Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ամենօրյա ռեժիմով բազմաբնակարան շենքերի մուտքերի և վերելակների ախտահանում է իրականացվում: Ախտահանվում է նաև Երևանում գործող ամբողջ տրանսպորտային համակարգը՝ ներառյալ մասնավորը:
Մարությանի խոսքով՝ Երևան համայնքի բյուջեից բնաիրային փաթեթով ֆինանսավորվել է 3550 միայնակ անժառանգ, տարեց թոշակառու: Հայտնեց նաև, որ ապրիլի 21-ից Երևանի ենթակայության հիվանդանոցային հաստատությունների պացիենտների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում: Ասաց՝ այս պահին արդեն 5628 նմուշառում է արվել: Պոլիկլինիկաներում հերթապահություն է հաստատված:
Մարությանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարել նաև մանկապարտեզներում համավարակի պայմաններում երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Քաղաքապետի խոսքով՝ մանկապարտեզ է հաճախում երեխաների 6-7 տոկոսը՝ 35 հազարից մոտ 1800-1900 երեխա: Այժմ, ըստ Մարությանի, քննարկում են հարցը, որ յուրաքանչյուր վարչական շրջանում թողնեն մեկ գործող մանկապարտեզ:
Քաղաքապետն իր օրինակով քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել՝ նշելով, որ ամեն օր տնից դուրս գալիս դիմակ է կրում, արդեն երեք ամիս է՝ ծնողներին պաշտպանելու համար նրանց չի տեսել:
«Սա պանդեմիա է. ամբողջ աշխարհը տառապում է այս ցավից»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ քաղաքացիներն իրենց պետք է նեղություն տան, բայց պաշտպանեն իրենց ու դիմացիններին: Ասաց՝ այն մարդը, որը վարակակիր է, բայց չգիտի այդ մասին ու դիմակ չի կրում, իր համար հանցագործ է: Ասաց՝ հերոսություն չէ դիմակ չկրելը, այլ՝ հակառակը: Քաղաքապետը շեշտեց՝ միայն բոլորի դիմակ կրելով բոլորն էլ պաշտպանված կլինեն: