Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերության մշակած՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ամենայն հավանականությամբ COVID-19-ից կպաշտպանի մեկ տարի: Այս մասին բելգիական ռադիոկայանին հայտնել է ընկերության գործադիր ղեկավարը՝ գրում է Reuters գործակալությունը:
Օքսֆորդի համալսարանում մշակված պատվաստանյութի՝ մարդկանց փորձարկումը սկսված է՝ տեղեկացնում է բրիտանական ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն:
«Կարծում ենք՝ այն կպաշտպանի մոտ մեկ տարի»,- հայտնում է AstraZeneca դեղագործական ընկերության ղեկավարը:
AstraZeneca-ն հայտնել է, որ պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Նիդեռլանդների հետ՝ Եվրոպային պատվաստանյութի մինչև 400 միլիոն դեղաչափ մատակարարելու համար: Գործարքներ են կնքվել նաև Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների իշխանությունների հետ:
AstraZeneca դեղագործական ընկերության հավաստմամբ՝ բարեհաջող ընթացքի դեպքում, կլինիկական փորձարկման արդյունքները հայտնի կլինեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Զուգահեռ ընթանում է նաև արտադրությունը: Հաջողության հասնելու դեպքում՝ հոկտեմբերից պատրաստ կլինեն պատվաստանյութի մատակարարմանը: