Հունիսի 15-ին ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի սահմանած տարեկան անվանական կրթաթոշակի դիմորդների առցանց ունկնդրումները։ Հայտնի են կրթաթոշակի արժանացած 10 տաղանդավոր երաժիշտների անունները՝ տեղեկացնում են հիմնադրամից։
Դիմորդների ելույթները գնահատվել են միջազգային հանձնաժողովի կողմից, որը համախմբել էր աշխարհում ամենամեծ ճանաչում ունեցող հայազգի երաժիշտների՝ Էդվարդ Հայրապետյան (կոմպոզիտոր), Վահագն Պապյան (Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դիրիժոր և դաշնակահար), Սուրեն Բագրատունի (Միչիգանի պետական համալսարանի երաժշտական քոլեջի պրոֆեսոր, թավջութակահար) և Բորիս Ալլախվերդյան (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, կլառնետահար)։
Ունկնդրումների արդյունքում ընտրված տաղանդավոր երիտասարդ երաժիշտները կստանան անվանական կրթաթոշակ (ամսական 100 եվրոյին համարժեք դրամ)։ Բացի այդ, կրթաթոշակառուները կմասնակցեն առցանց վարպետության դասերի, իսկ տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ նրանց հնարավորություն կընձեռվի մեկնել արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերի։ Վերջինից զատ յուրաքանչյուր կրթաթոշակառուի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և կրթաթոշակի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կողմից հնարավորություն կընձեռվի անվճար ներկա գտնվել նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաև նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։
Հանձնաժողովի որոշմամբ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուներ են ճանաչվել հետևյալ 10 տաղանդավոր պատանի երաժիշտ կատարողները՝
-
Բոյաջյան Դավիթ Հարությունի (ջութակ)` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
-
Անիսիմովա Ասյա Իգորի (ջութակ)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
-
Հակոբյան Մարի Արմանի (թավջութակ)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
-
Հեքեքյան Հայկ Տիգրանի (հոբոյ)` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
-
Գասպարյան Տիգրան Արմենի (հոբոյ)` Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
-
Տոնոյան Դավիթ Արայիկի (ֆագոտ)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
-
Գալստյան Սաթենիկ Արտյոմի (գալարափող)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
-
Առաքելյան Միհրան Աշոտի (շեփոր)` Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
-
Դավթյան Սամվել Կարենի (տրոմբոն)` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
-
Սարգսյան Գուր Գոռի (դաշնամուր)` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Հիշեցնենք, որ կրթաթոշակը սահմանված է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կողմից, որը միտված է մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների բացահայտմանը, հեռանկարային աջակցմանը, հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։