Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ մարտի 19-ից ի վեր իրականացվել է 13067 շրջայց, ստուգում և դիտարկում:
«Կազմել ենք 1015 արձանագրություն, իսկ այս պահի դրությամբ արդեն ունենք 976 փակված հանրային սննդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ: Ուրախացնողն այն է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք իրականացրել ենք 4000 շրջայց, որից միայն 1000-ի դեպքում ենք արձանագրություն կազմել: Կա տենդենց, որ մեր տնտեսավարողները, հանրային սննդի օբյեկտների ղեկավարները, անսալով մեր կոչին, իրականացնում են այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են հակահամաճարակային այս ժամանակահատվածում»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ:
Ավետիսյանը հայտնեց, որ խախտումներից շատերի դեպքում հիմնականում չեն պահպանվում հաճախորդների միջև առնվազն 1.5 մետր հեռավորությունը, հաճախորդներին մատուցում են նարգիլե, որը խստիվ արգելվում է: Ըստ Ավետիսյանի՝ տարածված խախտումներից է աշխատակիցների՝ դիմակը սխալ կրելը, երբ չեն ծածկում քիթը և բերանը:
«Բոլոր այն տնտեսավարողները, որոնք չեն պահպանի հակահամաճարակային միջոցառումները, կենթարկվեն տույժի: Մեր բոլոր աշխատակիցների անունից խնդրում եմ և կոչ եմ անում՝ պահպանել կանոնները և թույլ տալ, որ տեսուչները և աշխատակիցները նույնպես հնարավորություն ունենան մեկ- մեկ հանգստանալու»,- ասաց Ավետիսյանը: