ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եթե լինի ԱԺ համաձայնություն, և Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից, պետք է հետևի դատական գործընթաց:
Միրզոյանը շեշտեց, որ քրեական գործերը հարուցվում են փաստի առթիվ: «Ինչպես դատախազը ասաց՝ քրեական գործ կարող է հարուցվել նմանատիպ որևէ փաստի առթիվ, անկախ նրանից, թե դա որ քաղաքական ուժին է վերաբերում»,- ասաց ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ ընդդիմախոսների հետ կոմպրոմատներով խոսելու լեզուն իրենցը չէ:
Լրագրողների հարցին ի պատասխան Միրզոյանը նաև նշեց, որ բացարձակ ընդհանրություն չկա այսօր տեղի ունեցողի և 2015-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների միջեւ:
«Այն ժամանակ պարոն Ծառուկյանը հանդես եկավ ընդդիմադիր ելույթով, տեղի ունեցավ ՀՀԿ համապատասխան մարմնի նիստը, բամփելու, շանտաժի մասին եղավ խոսք: 2015-ին եղել է ուղղակի շանտաժ, որ, հարգելի Ծառուկյան, մենք ունենք այս-այս կոմպրոմատները, եթե չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք այս-այս քայլերին: Սա շանտաժի լեզու է: Այս վարքագիծը մեզ համար կտրականապես ընդունելի չէ: Ճիշտ հակառակը, դուք տեսաք, որ անկախ նրանից, որևէ ընդդիմադիր ուժ մեզ հաճելի կամ տհաճ հայտարարություն է անում, եթե կա զուգահեռ իրավական գործընթաց, այդ գործընթացը պետք է իր հունով ընթանա:
Եթե ընդունենք, որ շանտաժը նորմալ գործընթաց է, ապա միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ միգուցե պետք է բանակցել պարոն Ծառուկյանի հետ, չունենալ կառավարության հրաժարականը պահանջող խորհրդարանական ուժ, ակնարկել, որ կարող ենք լեզու գտնել և այդպես կյանքը շարունակել: Սա այնքան էլ ազնիվ դիրքորոշում չէ»,- ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Ծառուկյանի՝ խորհրդարանից հեռանալուն, Միրզոյանը նշեց. «Իր ելույթից հետո դուք էլ նկատեցիք, որ պարոն Ծառուկյանը հարցերին էլ չպատասխանեց, հրաժարվեց լսել հարցերը և դուրս եկավ դահլիճից: Իմ տեղեկությամբ՝ ինքը մոտեցել է ԱԱԾ աշխատակիցներին և ասել, որ ուզում է գնա Ազգային անվտանգության ծառայություն, ըստ երևույթին, իրենց երեկ սկսված զրույցը շարունակելու»: