ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնից խոսեց գործընթացի անկեղծության ու ազնվության մասին:
Մարուքյանը հիշեցրեց 2018-ի օգոստոսի 11-ին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը, որ պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքների միջոցով ընտրություններում հաղթելու պրակտիկան, և ընտրակաշառք բաժանած ուժերը քաղաքականության մաս չպիտի դառնան:
Այնուհետև Մարուքյանը մեջբերեց 2018-ի հոկտեմբերի 18-ին «Մուլտիգրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ընկերության բացման արարողությանը Փաշինյանի ասած խոսքերը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, և հետո մեջբերեց նաև հոկտեմբերի 8-ին կողմերի միջև կնքված հուշագրից հատվածներ:
«Հետո խորհրդարանը ձևավորվում է, «Բարգավաճ Հայաստանը» զբաղեցնում է երկրորդ տեղը, Փաշինյանը հայտարարում է, որ ամենամեծ ընդիմադիր խմբակցությունն է, և, հետևաբար, այս խմբակցությունից պիտի ընտրենք ԱԺ փոխխոսնակ: Դրանով դուք ճանաչում եք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առողջ ուժ լինելու հանգամանքը: Սա հիշեցնում եմ, որովհետև այս ընթացքում ձեր հայտարարությունները հակասում են նախկին հայտարարություններին: Եկեք ազնիվ, անկեղծ խոսենք:
Էդ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք ա՝ «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ ա, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր ա, իրա տանը կարելի ա քեֆ անել, հետո էլ գալ մեզ ասել՝ բա իմացե՞լ եք ինչ ա եղել: Էդ ո՞նց եղավ: Արդյոք օրենքի ընտրողաբար կիրառման հանգամանք չկա: Իսկ ո՞վ ա մեզ կանգնացրել այս բարդ ընտրության առաջ»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը չի մասնակցի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հարցի քվեարկությանը: