«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնից նշեց, որ գլխավոր դատախազը տապալվել է՝ նշելով, որ և՛ 2018-ին Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության որոշումը, և՛ այսօր՝ ԲՀԿ առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քաղաքական պատվեր է:
«Դուք այսօր հաստատեցիք, որ քաղաքական պատվեր կատարող եք, հաստատեցիք, որ պատրաստ եք կատարել թե՛ նախորդ իշխանության, թե՛ այս, թե՛ հաջորդիվ բոլոր հնարավոր իշխանությունների քաղաքական պատվերը: Դուք տապալվեցիք, որովհետև փաստացի ընդունեցիք, որ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հայցադիմումը կամ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, կամ էլ ոչ իրավաչափ է հետ կանչվել: Դուք տապալվեցիք, որովհետև ընդունեցիք, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ՝ սպասել եք հինգ ամիս ԱԺ մտնելու համար՝ ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առևտուր անելու համար»,- նշեց Զոհրաբյանը:
Նա անվստահություն հայտնեց գլխավոր դատախազին՝ նշելով. «Ինչպես Նիկոլ Փաշինյանին էիք ուզում զրկել անձեռնմխելիությունից նախկին իշխանությունների պատվերով, հիմա էլ դա անում եք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ այս իշխանությունների պատվերով»: