Էժան և շատերին հասանելի դեղամիջոցը կարող է փրկել կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների կյանքը՝ տեղեկացնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի փորձագետները հայտնել են, որ փոքր դեղաչափով դեքսամեթազոնով բուժումը մեծ առաջընթաց է մահաբեր վարակի դեմ պայքարում: Այս դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում գոյություն ունեցող փորձարկումների մաս է կազմում:
Պարբերականի հավաստմամբ՝ այն 1/3-ով նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների մահացության ռիսկը: Իսկ թթվածնային սարքին միացվածներին՝ 1/5-ով:
Հետազոտողների հավաստմամբ՝ եթե Մեծ Բրիտանիայում դեղամիջոցն օգտագործվեր համավարակի սկզբից, ապա հնարավոր կլիներ փրկել մինչև 5000 կյանք:
Այն հատկապես օգուտ կտա աղքատ երկրներին, որտեղ վարակվածների թիվը մեծ է:
20 վարակվածներից մոտ 19-ն ապաքինվում են առանց հոսպիտալացման: Սակայն, հիվանդանոց տեղափոխվածներից շատերը թթվածնի կամ մեխանիկական օդափոխման կարիք են ունենում: Բարձր ռիսկայնության խմբում հայտնված հենց այս պացիենտներին էլ կօգներ Դեքսամեթազոնը: