ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանին ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:
Արթուր Դավթյանը նախ ասաց, որ քրեական գործի դատավարական նախապատմությանն անդրադարձել է, ներկայացրեց ազատությունից զրկելու հիմնավորումները:
«Գագիկ Ծառուկյանին վերագրվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված կազմակերպված հանցագործության կատարում»,- շեշտեց դատախազը:
Դավթյանի խոսքով՝ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության բնույթը, հանցագործությանը բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:
«Ծառուկյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով առանձնակի դեր ու նշանակություն ունի այն հանգամանքը, որ ընտրակաշառքի հանցավոր սխեմաներում ընդգրկված են Ծառուկյանից անձնական ու նյութական կախվածության մեջ գտնվող բազմաթիվ անձինք: Եվ ազատության մեջ մնալով՝ Ծառուկյանը, օգտագործելով անձնական կապերը և ունեցած ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար կատարած անձանց նկատմամբ հեղինակությունը և ազդեցությունը, իր տրամադրության տակ առկա ֆինանսական ռեսուրսները, կխոչընդոտի գործի քննությանը նշված անձանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով: Բացի այդ, բարձր է հավանականությունը, որ կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով»,- ներկայացրեց դատախազը՝ հավելելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներն ու խուզարկության արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար: