ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
Հարգելի՛ հայրենակիցներ
Մի քանի օր առաջ հանձնարարել էի դիտարկում կատարել մեր անտառային տնտեսության այն հատվածներում, որոնք վարակված են շատերիդ հայտնի «տարազույգ մետաքսագործ» կոչվող թրթուրներով, և զեկուցել հասցված վնասների ու դրա դեմ պայքարի միջոցների մասին: Երեկ երեկոյան անցկացված աշխատանքային խորհրդակցության արդյունքում ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարել եմ՝
2021 թվականին պետական անտառային ֆոնդի տարածքներում վնասատուների դեմ անտառպաշտպանական պայքարի միջոցառումները ներառել պետական ծրագրի մեջ:
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահին՝
Կազմավորել մասնագիտական խումբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ-ից հրավիրված մասնագետների՝ մոնիթորինգի միջոցով անտառներում վնասատուների զանգվածային բազմացման օջախների տեղորոշման, դրանց մակերեսի հստակեցման և վնասատուների դեմ պայքարի, ընթացիկ իրավիճակի և հետագա անելիքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
Անտառապահների հետ անցկացնել մասնագիտական դասընթացներ վնասատուներին վաղ զարգացման շրջանում հայտնաբերելու համար:
2021 թվականի գարնանն իրականացնել վնասատուների օջախների զարգացման հետևանքով անտառին հասցված վնասի գնահատում:
Համատեղ ուսումնասիրել և մեկամսյա ժամկետում ներկայացնել 2021 թվականին պետական անտառային ֆոնդի տարածքներում վնասատուների դեմ անտառպաշտպանական պայքարի միջոցառումների ծրագիր:
ԱՀ գյուղատնտեսության նախարարին՝
Գյուղական բնակավայրերում անտառներին հարակից գյուղատնտեսական նշանակության տարածքներում վնասատուների դեմ տեղայնացված պայքար իրականացնելու համար տրամադրել անվճար թունաքիմիական նյութեր:
Բոլոր խնդիրները, պատճառները, հետևանքներն ու պայքարի միջոցները ուսումնասիրելուց հետո լինելու են համապատասխան գնահատականներն ու գործողությունները:
Հ.Գ. Սրտացավ վերաբերմունքի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր խնդրի մասին բարձրաձայնեցին սոցիալական ցանցերում: