Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 16-ին Արամ Հարությունյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
2019 թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:
Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտների 2019 թ. պետական բյուջեի հաշվետվությունը, նշել է, որ նախորդ տարում ոլորտների համար նախատեսվել է 15 մլրդ 252 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15 մլրդ 260 մլն դրամ, ծախսը՝ 15 մլրդ 22 մլն դրամ:
Նախարարի փոխանցմամբ՝ մշակութային ծառայությունների համար հաշվետու տարում նախատեսվել է 1մլրդ 523 մլն 918 հազար դրամ, ճշտված պլանը՝ 1մլրդ 519 մլն 099 հազար դրամ, ծախսվել է 1 մլրդ 466 մլն 778 հազար դրամ կամ 96,6%-ը:
Հաջորդիվ սպորտի և երիտասարդության ոլորտների նախորդ տարվա բյուջեի կատարողականն է ներկայացրել ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:
Նախարարի խոսքով՝ հանրապետությունում սպորտի զարգացման համար նախատեսված 373մլն 203հազ դրամից կատարվել է 352 մլն 246 հազար դրամը, կամ՝ 94,4%-ը, իսկ երիտասարդության հարցերի ոլորտի զարգացման համար հատկացված 34 մլն դրամից, կատարվել է 32 մլն 443 հազար դրամը, կամ՝ 95,4%-ը: Այնուհետև նախարարը ներկայացել է ոլորտների ծախսերն ըստ գերակա ուղղությունների:
Պատգամավորները կառավարության անդամներին են առաջադրել գիտական ծրագրերին, գյուղական դպրոցներում մասնագետների ապահովմանը, բարձրագույն ուսուցման անվճար համակարգին, համալսարանների հավատարմագրմանը, մարզֆեդերացիաներին գումարների հատկացման սկզբունքներին, դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը վերաբերող այս և մի շարք այլ հարցեր: