Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիի և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանի հետ՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և համագործակցության արդյունքում սպասվող անելիքները:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրել Հայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:
Առողջապահության նախարարի կարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել Կառավարության` հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:
Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով: