Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այսօր ստեղծված է հնարավորություն՝ հասկանալ և քննել՝ արդյոք ընտրակաշառքի հետ կա՞պ է ունեցել դահլիճում նստած որևիցե քաղաքական ուժի ներկայացուցիչ:
ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ քննարկվում է մի հարց, որով կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, իսկ դահլիճում ավելի շատ խոսվում է ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների կամ գլխավոր դատախազի մասին:
«Մենք դատախազին այստեղ չենք քննարկում, քրեական գործ ենք քննարկում և քննարկում ենք հնարավորություն տալ գործի շրջանակում հասկանալ, թե ինչ է կատարվել՝ 20 միլիարդ դոլար կամ դրամ մուտքի մասին է խոսվում: Մեր գործընկերները «Բարգավաճից», պարոն Ծառուկյանն է այդ մասին խոսում: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ գումարի ծագումնաբանությունից: Միգուցե խոսենք այդ գումարի ծագումնաբանությունից: Ես կարծում եմ, եթե պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, հասկանալի կլինի, թե ինչու այդ, այսպես ասած՝ առաջարկի հետ կապված եղել է այլ գործընթաց»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե վարչապետն ասել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան:
«Պարոն Մարուքյան, այս քննարկումը հենց դրա վառ ապացույցն է, որովհետև օլիգարխն այն մարդն է, որը պետական կառավարման մեջ լծակներ ունի և կարողանում է իր շահի համար ինչ-որ ազդեցություն ունենալ պետական որոշումների, ԱԺ որոշումների վրա, իսկ այս քննարկումն այն բանի ապացույցն է, որ, այո, Հայաստանում հեղափոխությունից այս կողմ օլիգարխ չկա»,- ընդգծեց Սիմոնյանը՝ շեշտելով, որ «Իմ քայլը» խմբակցության անունից ուզում է ասել, որ «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված: