Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Այն խորհրդարանում պատգամավորներին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քննչական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց խոշոր և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու դիմաց 2019-ին կատարել է նրանց օգտին գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք փաստաթղթերի անխոչընդոտ ստացման գործընթացը՝ դրան նպաստելու համար կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձևակերպումը և անարգել տրամադրումը:
Շինարարական ու կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երևանշին» ՍՊԸ խորհրդի նախագահը, նպատակ ունենալով ստանալ ՀՀ վաստակավոր շինարարի կոչում, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Սույն գործի նախաքննության ընթացքում «Երևանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017 թ. կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Նախաքննության մարմնի կողմից 2020 թ. հունիսի 10-ին որոշվել է ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին: Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երևանշին» ՍՊԸ-ի տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում: Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին, որոնք 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ զբաղվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով»,- նշեց դատախազ Արթուր Դավթյանը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ԱԺ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող շրջանում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց: Գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ: Կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տված կաշառքի վերաբերյալ ցուցակներում նշվել են՝ ընտրողների անուն, ազգանունը, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ: