«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ընդդիմադիր ուժերի կողմից կառավորությունը փոխելու մասին հայտարարություններին:
Քոչարյանը նշեց, որ որևէ մեկի համար հստակ հասկանալի չեն այդ արհեստական հիմնավորումները: Ըստ պատգամավորի, սակայն, ավելի քան պարզ է, որ այսօրվա քննարկվող հարցը անցյալում թույլ տրված ապօրինությունների ու կեղծիքների հետևանք է:
«Վերջիններս շարունակելու են մեզ ուղեկցել այնքան ժամանակ, մինչև անցյալի էջը փակելու վերջնական լուծում չգտնենք, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այսօրվա իշխանությանը գոնե թե բովանդակային առումով հակակշռող ընդդիմություն»,- ասաց պատգամավորը:
Քոչարյանը նաև ասաց՝ նկատելի է պետության շահին հակառակ շարունակաբար խառնակչությամբ զբաղվող համակարգ, որի գործունեությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ակնհայտ է, որ որոշակի հետևողական միջնորդությունների արդյունքում այդ համակարգը հնարավորություն է ունենալու թափանցել քաղաքական դաշտ, ինչը, սակայն, թույլ տալ չեն կարող:
«Այսօրվա կեղծ օրակարգում իրենց հաստատուն տեղը գտած գործիչներից մի քանիսը նախկինում եղել են իրական ընդդիմադիր շարքերում և պայքարել են այս փոփոխությունների համար, իսկ հիմա գործում են ի վնաս դրանց»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ հանրության շրջանում արհեստական լարվածություն առաջացնելու փոխարեն քաղական հեռանկար ձևավորելու համար լավ կլինի ծավալուն աշխատանք տանել կադրային ու գաղափարական ներուժի ուղղությամբ: Վստահեցրեց, որ այդ ժամանակ նրանց մոտ կստեղծվի նոր և հիմնավորված ասելիք ձևավորելու հնարավորություն, որը օգտակար կլինի ոչ միայն իրենց, այլ նաև երիտասարդ իշխանության համար: