Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են երիտասարդի վարձակալած բնակարանը։
Հայտնաբերվել են 20 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու տպիչ սարք, որով, նախնական տվյալներով, պատրաստվել էին կեղծ թղթադրամները։ Երիտասարդը կալանավորվել է։ Տուժած անձանց հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: