ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։
«Այսօր հրաժեշտ ենք տալիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը»,- ասաց վարչապետը՝ նախկին նախագահին շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի և ներդրումների համար՝ նոր նախագահին մաղթելով հաջողություններ:
«Պարոն Գալստյանն այս համակարգում նոր մարդ չէ և աշխատում է բավական երկար ժամանակ: Վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել Կենտրոնական բանկի հետ: Կարող եմ արձանագրել, որ ձևավորվել է լավ թիմ և կորիզ: Ակնհայտ է, որ բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից է, կայացած և կայուն է:
Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսևորեց իրեն մի շարք ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ թավշյա հեղափոխության շրջանում, նաև կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է:
Այս փոփոխությունը, որ հիմա տեղի է ունենում, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն: Մյուս կողմից սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների, բարեփոխումների հետագա զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: