ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ստեղծած «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին ներքաղաքական դաշտում ընթացող գործընթացներին ու հարուցված քրեական գործերին:
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության հայտարարությունը
Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հարուցված քրեական գործերն ու դրանց շուրջ ծավալվող զարգացումներն իրականում շատ ավելի խորքային երևույթների մակերեսային արտահայտություններն են՝ դրանք առնչվում են թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո հեղափոխական հարթակներից հնչած առանցքային կարգախոսներին ու խոստումներին՝ օլիգարխիայի դեմ պայքարին և բիզնեսի ու քաղաքականության տարանջատմանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ նույնիսկ առերևույթ կապ ունեցող քրեական գործերի հարուցումն ինքնին քաղաքական է այնքանով, որքանով դրանք վերաբերում են խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին։ Հետևաբար, իրավապահ մարմիններն այս հարցում պետք է լինեն առավել քան զգույշ ու նրբանկատ՝ գործընթացները բացառապես ու ամբողջությամբ իրավական տիրույթում պահպանելու և որևէ քաղաքական շահարկման տեղ չթողնելու համար։
Հայաստանի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական խնդիրների խորքային պատճառները պայմանավորված են եղել տասնամյակներ շարունակ երկրում արմատավորված օլիգարխիայով ու քաղաքականության հետ վերջինիս սերտաճմամբ։ Օլիգարխիան կեղեքել է ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսությունը վերածել է քվոտավորված կիսաքրեական հարաբերությունների։ Դա զուգակցվել է քաղաքականության վրա օլիգարխիայի շարունակական ու աճող ազդեցությամբ, ինչն արդեն հիմնովին խախտել է քաղաքացիների ընտրական իրավունքներն ու քաղաքական ազատությունները։ Ակնհայտ է, որ առանց օլիգարխիայի կազմաքանդման, առանց խոշոր բիզնեսի ու քաղաքականության տարանջատման, առանց Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգերում քաղցկեղի նման տարածված այդ երևույթներն արմատախիլ անելու՝ մենք չենք կարող էական հաջողություններ արձանագրել ո՛չ տնտեսական հարաբերություններում, ո՛չ քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ։ Այդ առումով վերջին օրերի զարգացումները պետք է դրական համարել, եթե դրանց նպատակն իրապես օլիգարխիայի դեմ պայքարն է ու բիզնեսի և քաղաքականության տարանջատումը։
Միևնույն ժամանակ խիստ անթույլատրելի ու դատապարտելի է, եթե այս գործընթացները ծառայեցվեն նեղ քաղաքական նպատակների համար և հետապնդեն առանձին անհատների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու շարժառիթներ։ Այդ դեպքում գործընթացն ինքնին կարժեզրկվի և կստանա միանգամայն այլ բնույթ ու նշանակություն։ Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացները տեղի ունենան բացառապես ինստիտուցիոնալ, համակարգային հարթություններում և վեր լինեն անձնային տիրույթից, որքան էլ դրանք տեղի են ունենում առանձին անհատների նկատմամբ։
Ոստիկանության գործողությունների այն դրվագները, որոնք հարցեր են հարուցել համաչափության տեսանկյունից, պետք է ստանան պատշաճ գնահատական՝ ծառայողական քննության արդյունքում։ Միևնույն ժամանակ չպետք է անտեսել, որ բողոքի այդ ակցիան տեղի է ունեցել համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, այսինքն՝ ինքնին եղել է ապօրինի, օրենքից դուրս։
Հայաստանն այս օրերին գտնվում է բավական դրամատիկ իրավիճակում։ Կորոնավիրուսի համավարակը, ցավոք, շարունակում է տարածվել՝ ամեն օր խլելով կյանքեր։ Մյուս կողմից երկրում տեղի են ունենում հիմնարար նշանակություն ունեցող քաղաքական ու իրավական գործընթացներ, և այս պայմաններում առավել, քան երբևէ մեզանից պահանջվում է խոհունություն ու հասունություն՝ երկիրը անցանկալի ցնցումներից ու անկայունությունից զերծ պահելու և մեզ պատուհասած հերթական փորձությունը պատվով ու նվազագույն կորուստներով հաղթահարելու համար։
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնություն»,- նշված է հայտարարության մեջ: