Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ ներկայումս ավելացրել է հետազոտությունների թիվը: Դրանք առնչվում են հիվանդների վաղ հայտնաբերմանը, նրանց հետ սերտ շփված անձանց, ինչը հնարավորություն կտա որոշակի առումով վարակի կանխարգելման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել:
Արտավազդ Վանյանը քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ բակերում առանց դիմակի շփվելուց: Ասաց՝ անգամ քիչ թվով անձանցով տնային միջոցառումներ կազմակերպելիս փորձեն պահպանել սոցիալական հեռավորությունը:
Անդրադառնալով դիմակ կրելուն՝ Վանյանն ընդգծեց, որ դիմակը պետք է ճիշտ կրել, եթե այն կրում են որոշ դեպքերում քթի հատվածից իջեցնելով՝ դա հավասարազոր է դիմակ չկրելուն: Շեշտեց՝ եթե կանոնները ճիշտ չենք պահպանում, ճիշտ չենք կրում, և՛ մեր առողջությունն ենք վնասում, և՛ մեզ շրջապատող անձանց:
Վանյանը կարևորեց նաև ձեռքերի հիգիենան և սոցիալական հեռավարությունն այն վայրերում, որտեղ սնվում ենք: Ասաց, որ նման վայրերում դիմակ ուզենք թե ոչ՝ չենք կրում, ուստի պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը:
Նրա խոսքով՝ եթե պահպանվեր հակահամաճարակային գործիքակազմը՝ դիմակ կրել, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, ապա արդեն կլիներ կայուն իրավիճակ, իսկ այսօր վարակելիության ցուցանիշը մեկ և ավելի է: