ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են ստուգայցերը հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսվարողների մոտ՝ հայտնում են Կառավարության լրատվական վարչությունից։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում արված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են հիմնականում ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, որոնք արձանագրվել են: Հացի արտադրություններից մեկում բացակայել է նաև փակ աղբամանը՝ նախատեսված ձեռնոցների և դիմակների համար:
Մի քանի հանրային սննդի կետեր կատարված կրկնայցերը փաստել են, որ ուժեղացված ստուգումները տալիս են դրական արդյունքներ. թերացումներ ու խախտումներ չեն հայտնաբերվել:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են: