Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ մարզում սուբվենցիոն ծրագրերով մի շարք շինարարական աշխատանքներ են ընթանում տարբեր համայնքներում:
«Աշխատանքային շաբաթը մեկնարկենք #լավ_լուրերով
Կառավարության վերջին նիստին հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի Ազատամարտիկների խճուղի թիվ 20/3 հասցեում անշարժ գույքը հետ վերցնելու և ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով նվիրաբերելու մասին որոշումը:
Մանկապարտեզի կառուցման ծրագիրը Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ երկու փուլով ներկայացրել էինք Կառավարությանը՝ պետական բյուջեի համաֆինանսավորման նպատակով: Եվ 2019 թ. և 2020 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում համայնքը վերջապես կունենա հիմքից կառուցված, ամբողջությամբ նոր, մոդեռն, գեղեցիկ ու բարեկարգ բակային հատվածով մանկապարտեզ:
Արամուս համայնք կատարած վերջին այցիս ժամանակ մասնակցեցի մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը:
Արամուս համայնքը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, և համայնքի փոքրիկները ստիպված հաճախել են Աբովյանի կամ Կամարիսի մանկապարտեզներ:
Այժմ պետության աջակցությամբ Արամուսում իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքն ունենալու է մոտ 1.750 քմ ընդհանուր մակերեսով և նորագույն լուծումներով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված համայնքի և հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 փոքրիկների համար:
Մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվի 433.0 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% - 50% համաֆինանսավորմամբ:
Վստահ քայլերով շարունակում ենք կյանքի կոչել մեր համայնքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Իսկ մեր համայնքներում երեխաներին նախադպրոցական կրթության մեջ առավելագույն չափով ներգրավելու համար արժանավայել պայմաններ ստեղծելն այդ ծրագրերի հիմնաքարային բաղադրիչներից մեկն է:
Ի գո՛րծ:
#ԷտալոնայինԿոտայք ունենալո՛ւ ենք»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի էջում: