ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ֆեյսբուքյան էջում 2017-ին տեղի ունեցած խորհրդրաանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքը փաստող փաստաթուղթը տարածելուն:
«Առողջապահության նախարարը Հայաստանի իշխող կուսակցության վարչության անդամ է: Բացի ՀՀ առողջապահության նախարարը լինելուց՝ նա նաև քաղաքական գործիչ է, ինչպես ԿԳՄՍ նախարարը, ինչպես ես: Նորմալ է, որ քաղաքական կուսակցության ղեկավար կազմի անդամները արձագանքում են՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ ինքն էլ, Թորոսյանն էլ այդ փաստաթուղթը հրապարակել են համացանցում տեսնելուց հետո միայն, այլ ոչ սկզբնաղբյուր հանդիսանալով:
«Եթե խնդիր կա, ես գտնում եմ, որ իրավապահները կարող են զբաղվել: Մեր էս երկու տարվա իշխանավարումն ապացուցել է, որ որևիցե մեկը, եթե օրենքի խախտում է եղել, չի կարող խուսափել»,- նշեց ԱԺ փոխխոսնակը: