Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:
Իր խոսքում վարչապետը նշել է. «Այսօր Կենտրոնական բանկում կարևոր իրադարձություն է. մենք հրաժեշտ ենք տալիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը:
Պարոն Ջավադյան, ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրման համար: Պարոն Գալստյան, ուզում եմ Ձեզ շնորհավորել և հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում գործունեության մեջ:
Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, արդեն բավական երկար ժամանակ աշխատում է բանկային համակարգում: Ընդհանրապես, վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն ընդհանուր առմամբ աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, և այն Հայաստանի Հանրապետությունում կայացած է ու կայուն:
Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսևորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում, ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շրջանում, այժմ՝ կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է:
Այս փոփոխությունը, որ տեղի է ունենում, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն ԿԲ գործունեության համար: Բայց մյուս կողմից սա նաև խորհրդանշում է առանց կայունության խաթարման՝ փոփոխությունների, բարեփոխումների հետագա զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»:
Վարչապետն ընդգծել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում մեր բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում: «Կարծում եմ՝ մեր մեծագույն խնդիրներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անելը, որ համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն, մանավանդ որ մեր բանկային, ֆինանսական համակարգի կայունությունը վերջինիս կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է»,- նշել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է՝ Արթուր Ջավադյանի հետ ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ վերջինիս հետագա գործունեության առումով: «Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, որոնց իրագործումը մեծ հաջողություն կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական մտքի զարգացման առումով:
Պարոն Գալստյան, ուզում եմ հավատալ, որ Ձեր գալով մեր բանկային, ֆինանսական համակարգի համար նոր էջ է բացվում, որը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա և, իհարկե, իր հետ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ, կմեծացնի բոլորիս վստահությունը բանկային և ֆինանսական համակարգի նկատմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԿԲ թիմի զուսպ ներդրումը բարձր գնահատականի արժանացնելու համար: «Ինչպես Դուք նշեցիք, ես վստահ եմ, որ պարոն Գալստյանը ԿԲ ղեկավարության հետ այդ շարունակականությունն ապահովելու է: Ինչպես Դուք նշեցիք, ունենք բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե՛ ֆինանսական, թե՛ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Նաև երկրորդ մարտահրավերն է՝ կորոնավիրուսով ստեղծված տնտեսական ճգնաժամի այս իրավիճակում ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր տնտեսության հետագա զարգացման համար:
ԿԲ նախագահի պաշտոնը, որ այժմ ստանձնում է պարոն Գալստյանը, Հայաստանի Հանրապետության կարևորագույն պաշտոններից մեկն է և ունենալով փորձ ու բավարար գիտելիքներ, լինելով այս թիմի անդամ՝ նա ունակ կլինի թիմի հետ միասին այն խնդիրները, որոնք կդրվեն այս ինստիտուտի առջև, լուծել ամենայն հաջողությամբ: Շնորհակալություն, պարոն վարչապետ Ձեր գնահատականների համար»,- ասել է ԿԲ նախկին նախագահը:
Մարտին Գալստյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականի համար: «Տարիների ընթացքում ձևավորվել է թիմ, որն անցել է բազում փորձություններ և ունակ է եղել իր առջև դրված խնդիրներ լուծել: Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ այն աշխատանքը, որը կատարվել է՝ լինելու է շարունակական, խորանցնելու ենք համագործակցությունը նաև Կառավարության գործընկերների հետ՝ ի բարօրություն մեր հասարակության: Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա այդ մակրոկայունության ներքո իրականացնել այն ծրագրերը, որոնք նախանշված են: Շնորհակալություն վստահության համար»,- նշել է ԿԲ նորընտիր նախագահը:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ վերջին 2 տարվա ընթացքում համատեղ աշխատանքի համար և նշել, որ այն եղել է հետաքրքիր: «ԿԲ-ն ներգրավված է եղել Կառավարության տնտեսական քաղաքականության քննարկումներում, որոնք շատ հետաքրքիր են եղել: Պետք է այդ ավանդույթը շարունակել և գտնել նորանոր ձևեր՝ այդ քննարկումների արդյունքներն ավելի առարկայական դարձնելու համար»,- եզրափակել է վարչապետը: