Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի դեմ առաջին հաղթանակի մասին, բայց և շեշտել է, որ համաճարակի դեմ պայքարը չի ավարտվել:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ երկրում սկսվում է սահմանափակումների վերացման նոր փուլ: Երկուշաբթից՝ հունիսի 15-ից, կորոնավիրուսային ռիսկերի հարցով ամբողջ Ֆրանսիան կտեղափոխվի կանաչ գոտի, մայրաքաղաքում կբացվեն ռեստորանները, Ֆրանսիայի քաղաքացիները կկարողանան ազատ մեկնել ԵՄ երկրներ, իսկ հուլիսի 1-ից նաև՝ համաճարակային կարգավորված իրավիճակ ունեցող այլ երկրներ:
Նախագահ Մակրոնը, միաժամանակ, ֆրանսիացիների ուշադրությունը հրավիրել է «վիրուսի հետ ապրել սովորելու» անհրաժեշտության վրա և կոչ է արել պահպանել բոլոր նախազգուշական միջոցները, հատկապես սոցիալական հեռավորությունը: Բացի դրանից՝ հանրահավաքները երկրում կմնան խիստ հսկողության տակ: Մակրոնը զգուշացրել է, որ պետք է պատրաստ լինել համաճարակի նոր ալիքին: