Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է ներկայացրել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, վարչապետն իր պաշտոնը կլքի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո:
«Որոշում եմ կայացրել վայր դնել Ղրղզստանի վարչապետի լիազորությունները: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ որևէ առնչություն չունեմ քրեական այն գործին, որում ինձ մեղադրում են, իմ հասցեին հնչած մեղադրանքները որևէ հիմնավորում չունեն: Հուսով եմ՝ իրական մեղավորները կպատժվեն»,- ասել է Աբիլգազիևը:
Մայիսի կեսերին երկրի խորհրդարանում սկանդալ էր հասունացել ռադիոհաճախականությունների ապօրինի վաճառքի հետ կապված։ Ըստ պատգամավորների՝ 200 ՄՀց ռադիոհաճականություններն ապօրինի վաճառվել են Ղրղզստանի հեռախոսային օպերատորներից մեկին, որի հետևանքով պետությանը միլիոնավոր վնասներ են պատճառվել։
Վարչապետն ընդգծել է, որ ներկայիս դժվարին պայմաններում, երբ երկիրը դիմակայում կորոնավիրուսային վարակին, կառավարությունը պետք է աշխատի կայուն կերպով և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ նմանատիպ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։
«Այդ նկատառումներից ելնելով` որոշում եմ կայացրել դադարեցնել վարչապետի լիազորությունները»,- նշել է նա։ Հավելենք, որ Աբիլգազիևը կառավարությունը ղեկավարում է ավելի քան 2 տարի: