ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի և Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների պաշտպանությունը և մի շարք այլ հարցեր: Համաձայնագրի 20-րդ հոդվածը սահմանում է, որ Կողմերը կարող են կազմել կիրարկող արձանագրություն, որում, ի թիվս մի շարք հարցերի, կորոշակիացվի նաև իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, միջոցները և փաստաթղթերը` ի հավելումն համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների, հետընդունման ձևերը` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: