ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԲ 2019 թ. գործունեության տարեկան հաղորդումը:
Գալստյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի հետևանքներին: «Մեր գնահատականներով` ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից: Համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունների, սպասարկման այլ ծառայություններ և շինարարությունը: Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի մասնավոր սպառման ու մասնավոր ներդրումների կրճատում:
Ըստ ԿԲ նախագահի՝ մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ վերականգնումն արագ տեղի կունենա, սակայն համավարակին զուգահեռ վերանայվեցին պատկերացումները տնտեսության վրա ունեցած իրական ազդեցության, տևողության և չափի վերաբերյալ՝ դառնալով ավելի վատատեսական: