Արդեն վեց ամիս է, ինչ գիտնականներն ու բժիշկները փորձում են պարզել այն վնասը, որը Covid-19-ը պատճառում է մարդու օրգանիզմին: Չնայած ավելի քան 400 հազար մահվան դեպքերին, միլիոնավոր հիվանդներին և հազարավոր հետազոտություններին ու զեկույցներին, պատկերն ամբողջությամբ չի հստակեցվել:
Ըստ Science հեղինակավոր պարբերականի՝ այս կորոնավիրուսը «անում է այնպիսի բաներ, որոնք մարդկությանը հայտնի ոչ մի հիվանդություն չի արել»:
Բրիտանացի հետազոտողների ձեռք բերած տվյալները ցույց են տալիս, որ հիվանդության առաջնային ախտանիշները կարող են դրսևորվել, անհետանալ և նորից հայտնվել 30 կամ ավելի օրվա ընթացքում, ինչը նկատելիորեն երկար է, քան ԱՀԿ փորձագետների նշած պաշտոնական երկշաբաթյա ժամանակահատվածը:
Շատերի համար հիվանդությունը կարող է դառնալ վիրուսի դեմ երկար ու ցավոտ պայքարի սկիզբ, ինչն էլ կվերածվի նոր «հետկորոնավիրուսային սինդրոմի»:
Սկզբում բժիշկներին թվում էր, թե սա սովորական շնչառական հիվանդություն է, ինչպիսին է SARS-ը կամ թռչնագրիպը, բայց ավելի ուշ պարզվեց, որ կորոնավիրուսը (պաշտոնական անվանումը՝ SARS-CoV-2) կարող է ազդել թոքերի, ուղեղի, քիթ-կոկորդի, աչքերի, սրտի, արյան անոթների, լյարդի, երիկամների, աղիների, այսինքն՝ բառացիորեն բոլոր կենսական օրգանների վրա:
Արդեն կատարված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ Covid-19-ը ուղեկցվում է ախտանիշների լայն տեսականիով, իսկ նրանց համար, ովքեր ծանր են տարել հիվանդությունը, երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը՝ թոքերի հյուսվածքի սպիացումից, երիկամների անբավարարությունից մինչև սրտի մկանների բորբոքում, առիթմիա, լյարդի վնասում, ճանաչողական խանգարում, փսիխոզ:
Արդեն իսկ կան բազմաթիվ ցուցումներ, որ այս հիվանդության հետևանքները շարունակում են զգալ անգամ նրանք, ովքեր բավական թեթև են տարել կորոնավիրուսը:
Բրիտանացի գիտնականների մեկ այլ խմբի ուսումնասիրության արդյունքներն էլ հիմք են տվել ենթադրելու, որ կորոնավիրուսի ժամանակ ոչ միայն խորանում է հիվանդի շաքարախտը, եթե կա, այլև մեծանում է շաքարախտի առաջացման վտանգը այդ հիվանդությունը չունեցող մարդկանց շրջանում:
Բժիշկները չեն բացառել նաև, որ SARS-CoV-2 վիրուսը մարդու մարմնում կարող է մնալ քնած վիճակում և մի քանի տարի հետո օրգանիզմում դրսևորվել մեկ ուրիշ ձևով: