ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Այժմ գործող կարգավորումներով ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջև գործում է 1992 թ. ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժների համար կենսաթոշակը նշանակում և վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը:
Նոր համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները: Կենսաթոշակն արտահանվելու է, յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Նշվել է, որ կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: