Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019 թվականի սեպտեմբերի 1-ից 2020 թ․ապրիլի 30-ը իրականացրել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ, որը միտված էր բացահայտելու քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները:
Դիտարկվել է 13 ԶԼՄ․ 5 հեռուստաընկերություն («Հ1», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «5-րդ ալիք», РТР-Планета), 3 թերթ («Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Իրավունք») և 5 առցանց լրատվամիջոց (1in.am, 24news.am, Tert.am, News.am, «Sputnik Արմենիա»): Լրատվամիջոցների ընտրության հարցում հաշվի են առնվել տարբեր քաղաքական կողմնորոշումները։
Դիտարկման շրջանակներում քարոզչության մեթոդները բաժանվել են հետևյալ կարգերի (դրանք կարող են դրսևորվել ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ).
-
ատելության խոսքի կիրառում.
-
տարբեր տիպի մանիպուլյացիաներ.
-
բացասական կարծրատիպերի գործածություն։
Մոնիտորինգի 8 ամիսների ընթացքում 13 ԶԼՄ-ներում հետազոտվել է 208975 նյութ (առաջին փուլում՝ 103735, երկրորդում՝ 105240): Եվրոպական թեմատիկայով հրապարակումների թիվը կազմել է 48445 (առաջին փուլում՝ 30110, երկրորդում՝ 18335), կամ՝ շուրջ 23% (առաջին փուլում՝ 29%, երկրորդում՝ 17%)։ Եվրոպական թեմատիկայով նյութերի ընդհանուր քանակից միայն 301-ում (կամ՝ 0,6%-ում) են եվրոպական արժեքները վարկաբեկելուն միտված քարոզչական տարբեր տարրեր և հնարքներ հայտնաբերվել: Սա, իհարկե, չափազանց ցածր ցուցանիշ է և վկայում է, որ եվրոպական թեմատիկան Հայաստանում լուսաբանվում է գլխավորապես չեզոք կամ դրական: Այդուհանդերձ, ստացված տվյալները թույլ են տալիս վեր հանել բավականին հետաքրքիր միտումներ։
Ուշագրավ է, որ վերը նշված՝ եվրոպական արժեքների վարկաբեկման տարրեր պարունակող 301 նյութի առավել մեծ մասը՝ 161-ը, բաժին է ընկնում տպագիր մամուլին: Մոնիտորինգի առաջին փուլի արդյունքներով այդ հարաբերակցությունը 213:116 էր, երկրոդ փուլի արդյունքներով՝ 88:45: Թերթերին հաջորդում են հեռուստաընկերությունները, որոնցում հետազոտության ողջ ընթացքում արձանագրվել է հակաեվրոպական քարոզչության տարրեր պարունակող 94 նյութ (65 և 29՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ փուլերում): Եվ նման հրապարակումների ամենաքիչ քանակը՝ 46-ը, արձանագրվել է առցանց լրատվամիջոցներում (32 և 14՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ փուլերում):
Դիտարկող խումբն արձանագրել է, որ օգտագործված քարոզչական հնարքներից ամենից տարածվածը իրադարձությունների և երևույթների կողմնակալ-մանիպուլյատիվ մեկնաբանությունն է: Այն առավել հաճախ օգտագործում են լրագրողները (46%), փորձագետները/հասարակական գործիչները (31%) և քաղաքական գործիչները (12%): Հեղինակային մյուս խմբերն ավելի հազվադեպ են դիմում դրան: Տեղեկատվական մանիպուլյացիաների՝ տարածվածությամբ երկրորդ հնարքը փաստերի խեղաթյուրումն է: Այդ երկուսից ավելի քիչ օգտագործվում է անանուն (ենթադրաբար՝ գոյություն չունեցող) աղբյուրներին հղումը, ատելության խոսքի և բացասական կարծրատիպերի տարածումը:
Մոնիտորինգի արդյունքների վերլուծությունն ըստ ԶԼՄ-ների տեսակների ցույց տվեց, որ քարոզչության տարբեր մեթոդներին դիմելու քանակով լրագրողները մյուս խմբերի հեղինակներին գերազանցում են միայն տպագիր մամուլում: Այստեղ թերթերի աշխատակիցներին բաժին է ընկնում Եվրոպային ու եվրոպացիներին վերաբերող կողմնակալ մեկնաբանությունների, փաստերի խեղաթյուրման, բացասական կարծրատիպերի 74%-ը:
Ի տարբերություն տպագիր մամուլի, հեռուստաընկերությունների եթերում իրենց մեկնաբանություններում քարոզչական հնարքներ օգտագործելու քանակով փորձագետները/հասարակական գործիչներն ավելի քան 2 անգամ գերազանցել են լրագրողներին: Ուշագրավ է, որ հեռարձակվող ԶԼՄ-ներում հրավիրված փորձագետները/հասարակական գործիչները եվրոպական արժեքները վարկաբեկող ավելի շատ արտահայտություններ են օգտագործել, քան մյուս բոլոր խմբերի հեղինակները միասին վերցրած:
Առցանց լրատվամիջոցներում կանխակալ մեկնաբանություններով, բացասական կարծրատիպերի օգտագործմամբ և փաստերի խեղաթյուրմամբ լրագրողներին 2 անգամ գերազանցել են ոչ միայն փորձագետները/հասարակական գործիչները, այլև քաղաքական գործիչները, իսկ պաշտոնատար անձինք՝ 1,5 անգամ:
Ընդհանուր առմամբ, հեղինակների վերջին երեք խմբերին բաժին է ընկնում քարոզչական հնարքների կիրառման ավելի քան 78%-ը:
Մոնիտորինգի ընթացքում պարզվել են հակաեվրոպական ուղղվածությամբ նյութերի թվով առաջատարները․ թերթերից՝ «Իրավունքը», հեռուստաալիքներից՝ «РТР-Планета»-ն, առցանց լրատվամիջոցներից՝ «News.am»-ը:
Բովանդակային առումով մոնիտորինգի առաջին փուլում եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումների համար առիթ հանդիսացած հիմնական թեման Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումն էր: Հետազոտության երկրորդ փուլում, որը ժամանակային առումով համընկավ կորոնավիրուսի տարածման հետ, հիմնական թեման համավարակն էր:
Նույնիսկ Եվրամիության երկրների ձեռնարկած հարկադրված միջոցները (մասնավորապես՝ սահմանների փակումը) որոշ ԶԼՄ-ներ ներկայացրին իբրև եվրոպական արժեքներից հրաժարում և ԵՄ փլուզում: Շահարկվող մյուս թեման դարձավ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, այլ կերպ ասած` Լանզարոտի կոնվենցիան, որն ԱԺ-ն վավերացրեց։
Մոնիտորինգի ընթացքում վերհանված մանիպուլյացիաներն ու կարծրատիպերը, որոնք միտված են վարկաբեկելու եվրոպական արժեքները, իրենց մեջ լսարանին ապակողմնորոշելու, նրա որոշակի հատվածի մոտ Եվրոպայի և եվրոպացիների մասին թյուր պատկերացում ձևավորելու լուրջ վտանգ են պարունակում: Անկասկած, նման քարոզչական նյութերը քաղաքական դրդապատճառներ ունեն: Հենց դրանով էլ վտանգավոր են, քանի որ ամբողջովին արհամարհում են հավաստի և անաչառ տեղեկություն ստանալու մարդկանց իրավունքը: