Ինչի՞ց հետ չի կանգնելու, իսկ իրեն ո՞վ է խանգարում, որ հետ կանգնի՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հարցադրումներ արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, թե այս անգամ մինչև վերջ է գնալու:
«Քրեական գործը թող շարունակվի, ինքը քաղաքական առումով եթե գտնում է, որ ճիշտ է՝ պայքարի, թող պայքարի, դա իր խնդիրն է: Կրկնում եմ՝ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան Ծառուկյանը այգում, նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում, հայտարարություններ է արել իշխանության 100 տոկոս փոփոխության հետ կապված:
Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ երեկ շրջանառության մեջ դրված փաստաթուղթը, որում մանրամասնորեն ծրագրված էր 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական 8-րդ տեղամասում ԲՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքի չափը, շատ ավելի շուտ է ի հատ եկել, միանգամայն այլ քրեական գործի շրջանակներում:
Լրագրողների նկատառմանը, թե իրավիճակը նման է 2015-ին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առճակատմանը, Սիմոնյանը հակադարձեց. «Նախևառաջ, այս պրոցեսը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում. մենք ընտրությունների առջև չենք կանգնած, քաղաքական որոշում չի կայացվել: Ես, օրինակ, լինելով քաղաքական ամենաբարձր էշելոնի ներկայացուցիչ, այդ մասին իմացել եմ Արման Աբովյանի տեսանյութից, այլ ոչ թե խորհրդի նիստ ենք արել, վիրավորական արտահայտություններ ենք արել, հիստերիկություն ենք արել, ինչպես ժամանակին անում էին Ծառուկյանի նախկին և հետագայում նաև ապագա գործընկերները: Կա իրավական գործընթաց, որը շարունակվել է և շարունակվելու է»: