Կարծում եմ՝ եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել համոզել կամ պարտադրել մեր քաղաքացիներին, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենաէֆեկտիվ միջոցը՝ դիմակի կրումը: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող վարչական մեթոդների, լայնածավալ քարոզչության, Կառավարության գործունեության թափանցիկության՝ մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Պետք է ասեմ, որ սա ՀՀ-ում կորոնավիրոսի տարածման թիվ մեկ պատճառն է»,- ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նման եզրակացություն անելու համար հիմք է հանդիսացել միջազգային մի հետազոտություն, որը հրապարակել է Forbes ամսագիրը:
Վարչապետը նշեց, որ, ըստ այդ հոդվածի՝ կորոնավիրուսից տուժած տասնյակ երկրների փորձը ցույց է տալիս, որ դիմակներն այս վիրուսի դեմ պայքարում վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն կրճատել վարակի տարածումը:
«Մեզ ասում են, որ մենք նախկինում դիմակների հետ կապված այլ հայտարարություններ ենք արել, առողջապահության նախարարն է արել, նշեմ, որ սա այսօրվա հայտարարություն է, և նախկինում այս համոզվածությամբ վերլուծություն դիմակների էֆեկտիվության վերաբերյալ չի եղել, հետևաբար անճշտություններ եղել են ամեն տեղ: Ամենաթարմը՝ ԱՀԿ-ն մի շաբաթ առաջ հայտարարություն է արել, հետո նոր տվյալների հիմքով հերքել այն:
Հիմա կարող ենք բարձր գիտական մակարդակով արձանագրել, որ դիմակները կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ամենաէֆեկտիվ միջոցն են:
Ըստ այդ հետազոտության՝ դիմակները խիստ անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց, դրանք հնարավորություն են տալիս նրանց չշնչել մթնլորտում եղած մասնիկները, որոնք կարող են օդում մնալ տասնյակ րոպեներ. սա սենսացիոն հայտարարություն է»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ նույն եզրակացության է եկել նաև բժշկական հեղինակավոր «Լանսեթ» ամսագիրը. 172 տարբեր հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունն առանց դիմակի անգամներով գերազանցում է դիմակի օգտագործման ժամանակ վարակի փոխանցման հավանականությունը:
Ըստ հետազոտության՝ երկրորդ արդյունավետ միջոցը սոցիալական հեռավորությունն է, որը հնարավորություն է տալիս նվազեցնել վարակի տարածմանը:
«Սա նշանակում է, որ մեր առաջարկած երեք միջոցներից երկուսը միջազգային հետազոտություններով ապացուցված ամենաարդյունավետ միջոցներից են:
Մայիսի 25-ից հետո մենք առաջարկել ենք համաճարակի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները, սակայն մենք չենք կարողացել պարտադրել մեր հայրենակիցներին կատարել այդ պայմանները:
Մենք մեծացնելու ենք վարչական ներգործության մեթոդները, բայց մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները կհետևեն այդ կանոններին:
Ես ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն ենք մենք սխալ արել, որ մեր հայրենակիցներն այսպիսի քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց սպառնացող վտանգի նկատմամբ: Ես այլ մեթոդ չգիտեմ և կրկին կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին՝ դիմակ կրող, անտարբեր մի անցեք առանց դիմակի մարդկանց կողքով, նկատողություն, դիտողություն արեք, խնդրեք՝ պահպանեն սոցիալական հեռավորություն: Մինչև մենք այս պայմանները չպահենք, համաճարակը չի հաղթահարվելու կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ՝ բոլոր նրանք, որոնք պիտի մահանային, կմահանան, և հետո թվերը կիջնեն: Մենք այս վարքագծով մեր բազմաթիվ քաղաքացիների դատապարտում ենք մահվան»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը կրկին հորդորեց, պահանջեց, խնդրեց կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն: