«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկել ենք հունիսի 16-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը, այդ թվում՝ դատախազի միջնորդությունը: Այդ մասին նիստից հետո լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ դատախազի միջնորդության վերաբերյալ խմբակցությունը կայացրել է որոշում, այն կհայտնեն վաղը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ: Այլ մանրամասներ Մակունցը չհայտնեց:
Նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունն իրավական գործընթաց է և չպետք է դրան քաղաքական երանգ տալ:
«Մենք՝ որպես ԱԺ պատգամավորներ, գործեր չենք քննում, իրավապահները պետք է գործերը քննեն և բոլոր փաստերը համադրելով՝ որոշում կայացնեն»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով 2018-ին Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ այն վերաբերել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությանը: «Ծառուկյանն իր համաձայնությունն է հայտնել հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու»,- եզրափակեց Մակունցը: