ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 21-ամյա բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, 2019-2020 թթ. ընթացքում Երևան քաղաքի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաներից կոտրել-պոկելու եղանակով, գաղտնի հափշտակել է տարբեր արժողության կողային հայելիներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի դրանից՝ 21-ամյա երիտասարդը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Կոմիտաս փողոցներում, օգտվելով տարածքում մարդկանց բացակայության հանգամանքից, գաղտնի հափշտակել է կայանված ավտոմեքենաների առջևի կողային հայելիները՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս կալանավորվել է: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: