Հունիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ:
Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով:
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարները նշել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության, առողջապահական ոլորտները: Նախարարներ Մնացականյանն ու Ցուլեան ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության, ԵԱՏՄ, ՍԾՏՀ շրջանակներում: Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: