Տղե՛րք, հիմա մենք Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ՝ հարցրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների հրավիրած համատեղ արտահերթ նիստում՝ 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի հարցը քննարկելիս։
«Ամենակարևոր բանը՝ ուզում եմ հասկանալ, թե ստրատեգիական առումով Ֆիրդուսիի նախագիծը մենք պետք է առաջ տանենք, թե՞ Երևան քաղաքի մեջ երկրորդ շինհրապարակը պետք է ունենանք Հին Երևանի պես։ Այսինքն՝ էսպես ինչքա՞ն է շարունակվելու։ Դուք խոսում եք Կոնդի մասին։ Ի՞նչ Կոնդ։ Էսպիսի մոտեցումով, էսպիսի մակարդակով մենք պատրա՞ստ ենք մոտենալ Կոնդին։ Դուք ձեզ ձե՞ռ եք առել։ Ամենաբարդ նախագծերից մեկը հենց Կոնդն է, եթե մենք Ֆիրդուսին չենք կարողանում հասկանալ՝ ինչ ենք անում, ո՞նց ենք մոտենալու Կոնդին»,- զայրացավ Երևանի գլխավոր ճարտարապետը։
Մեսչյանը նշեց, թե ով է մեղավոր, որ նախկինում արված կոնցեպտի վրա լոտեր են բաժանվել, և ամեն կառուցապատող այդ լոտերը գնել, նախագծեր է պատվիրել, ճարտարապետերին կանխավճար է տվել, ո՞վ է այդ գումարները փակելու։
«Ասում եք՝ սա քաղաքաշինություն չի, սա բիզնես է։ Կներեք՝ բիզնեսն ու քաղաքաշինությունը նույն բանն են, չկա բիզնես առանց քաղաքաշինության, և չկա քաղաքաշինություն առանց բիզնեսի։ Բացի Սովետից»,- նշեց Մեսչյանը։
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը հանդարտության կոչ արեց և խնդրեց միասին որոշել 33-րդ թաղամասի ճակատագիրը՝ ի վերջո այն կառուցո՞ւմ են, թե՞ մտնում երկարատև դատական պրոցեսի մեջ։
«Տղե՛րք, սա սաբոտաժ չի, ես սա համարում եմ սաբոտաժ բառի բուն իմաստով։ 10 հազար հոգի շինարար Ֆիրդուսիում 250 միլիոն դոլարանոց ծրագիր է իրականացնելու, 10 հազար հոգի տուն է պահելու, 3 տարին քի՞չ ժամկետ է, որ ասում եք դա երկարատև չի։ Ո՞ր շինարարությունն է երկարատև։
Պետությունը կարողանա մի քիչ խելքի գա շինարարության շնորհիվ՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, դրա համար չարժի՞ մեկ կառույց մի քիչ տեղափոխել, որ այդ ամեն ինչը չքանդվի։ Էսքան հուշարձան քանդեցինք, էսքան հուշարձան տեղափոխվեց, եկեք մի հատ հուշարձան տեղափոխենք, էս հարցը փակենք»,- նշեց Մեսչյանը՝ արտահերթ նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանին հարցնելով՝ ի վերջո նախագիծը կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ։
Սիսեռյանը նշեց, որ Ֆիրդուսին կկառուցվի՝ խնդիրներին լուծումներ տալով։