Մինչև ուշ երեկո ընթացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նիստի օրակարգում ընդգրկված է եղել հինգ հարց: Խորհրդի անդամները մերժել են «Դվին» հյուրանոցային համալիրի ընդլայնման նախագիծը, որով առաջարկվում էր գոյություն ունեցող շենքի երկու կողմերում ունենալ նոր կառույցներ:
Խորհուրդը Կասկադի հարևանությամբ գտնվող «Ազնավուր կենտրոնի» վերակառուցման ներկայացված առաջարկի վերաբերյալ այլընտրանքային առաջարկ է արել` գոյություն ունեցող շենքի տեղում, նույն ծավալներով նախագծել նոր շենք, որը հարմար կլինի կենտրոնի գործունեությանը և քաղաքի առանցքային հատվածին համահունչ տեսք կունենա:
Խորհուրդը հավանություն է տվել Աջափնյակում գտնվող Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագծին:
Խորհուրդը հավանություն է տվել նաև Շենգավիթում Գ. Նժդեհի փողոցի 15/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման առաջարկին: Շենքը առաջարկված 13-ի փոխարեն կունենա 9 հարկ: Կառուցապատողը պարտավորվել է բարեկարգել և հարմարավետ միջավայր ստեղծել բակային տարածքում, որը կծառայի նաև հարակից շենքերի բնակիչներին:
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի ճակատային մուտքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու հարցի քննարկման արդյունքում որոշվել է, որ առաջիկայում ճարտարապետները կմշակեն համատեղ նոր առաջարկ»: