Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել համավարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի հայրենակիցնե՛ր, ողջ աշխարհը ընկղմվել է թագավարակային ճգնաժամի մեջ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ունենք հազարավոր վարակվածներ և հարյուրից ավելի մահեր: Ստեղծված իրավիճակում ստիպված ենք ապրել ՀՀ Կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում, որն իրավացիորեն համեմատվում է պատերազմական դրության հետ:
Պատմականորեն ձևավորված բոլոր օրհասական պահերի նման հայ ժողովրդը հիմա նույնպես պարտավոր է դրսևորել բարձր ինքնագիտակցություն և կազմակերպվածություն՝ անվերապահորեն կատարելով պարետատան կողմից հաստատված համավարակի կանխարգելման բոլոր պահանջները:
Մեզ բոլորիս համար ակնհայտ է տվյալ իրավիճակում ամուր պետականության բացառիկ կարևորությունը, իշխանությունների շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, որը ջանք չի խնայում չարիքի դեմ պայքարի միջոցառումները պատշաճ իրականացնելու համար:
Ցավոք, մեր հասարակության մեջ առկա են շերտեր, որոնք դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից և զգալով, իրենց անհայտ ծագումնաբության հսկայական ունեցվածքն ու ֆինանսական միջոցները կորցնելու մոտալուտ վտանգը, անիրական լուրեր են տարածում՝ թերագնահատելով թագավարակի վտանգավորության աստիճանը, թուլացնում մարդկանց զգոնությունը՝ նպատակ ունենալով հասարակության մեջ առաջացնել որոշակի դժգոհություններ և այդ ալիքի վրա հագուրդ տալ իրենց քաղաքական ամբիցիաներին:
Ռամկավար ազատական կուսակցությունը գտնում է, որ ցանկացած քննադատություն իշխանությունների հասցեին, որն ունի իրական հիմքեր, պետք է դրվի լայն քննարկման և ենթարկվի մանրակրկիտ վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սատարել շտկելու բացթողումները:
Հիմնվելով նման ներքաղաքական գործելակերպին՝ Ռամկավար ազատական կուսակցությունը՝ որպես հեղափոխությանն աջակցած և նրա արժեքների համար պայքարած ու հաղթանակած կուսակցություն, կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը այս օրհասական պահին սատար կանգնել մեր երկու ինքնիշխան պետությունների գործող իշխանություններին»: