Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի հարցին՝ ինչու են հաճախ ստեղծված իրավիճակի համար մեղադրում քաղաքացիներին։ Արդյոք համարո՞ւմ է, որ Կառավարության գործողությունները եղել են համակարգված, համալիր և չուշացած։
Վարչապետն ընդգծեց, որ այն, ինչ ներկայացվում է, դրանով փորձում են օգնել և՛ քաղաքացիներին, և՛ իրեն, և՛ կառավարությանը, որպեսզի ավելի լավ հասկանան իրավիճակը և բարդությունները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարետատան նիստերին քննարկում են, թե կառավարության գործողությունների մեջ ի՞նչ չհամակարգվածություններ են եղել, և ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Փաշինյանի խոսքով՝ համակարգի մաքսիմալ էֆեկտիվության համար իր հիմնական թեզը շարունակում է մնալ նույնը: «Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության միջոցով»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գործում են 100 տոկոսով թափանցիկ և բացթողումները, անհաջողությունները որևէ կերպ թաքցնելու և մեղմելու խնդիր չունեն։ Ասաց նաև՝ ուզում են իրավիճակը ճիշտ ախտորոշել, որպեսզի ճիշտ լուծումների գան։
Վարչապետը շեշտեց, որ քաղաքացին է դառնում համավարակի իրավիճակում թիվ մեկ զոհը, և ինչպե՞ս կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է։ Փաշինյանն ասաց, որ տվյալ իրավիճակում իրենք պետք է ներկայացնեն քաղաքացիներին ճշմարտությունը, թե որոնք են այն պատճառահետևանքային կապերը, որոնք նման իրավիճակի են բերում։ Նա վստահ է, որ իրենց գործողությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, քաղաքացիների կարգապահությունը՝ ևս, և այդպիսի համագործակցության հրավիրեց բոլոր քաղաքացիներին։