Նրա գրական կյանքը հազիվ մի տասնամյակ տևեց, բայց չկրկնող իր գույնով ու ձեռագրով նա մնաց հայ արձակի պատմության մեջ:
Ակսել (Ալեքսանդր) Բակունցը ծնվել է 1899 թվականին Գորիսում: Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի՝ ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Ծխական դպրոցն ավարտելուց հետո՝ 1910 թվականին, ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատանքի է անցել Զանգեզուրի Լոր գյուղում:
Գիտելիքները խորացնելու ցանկությունը Բակունցին տանում է Խարկով: 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադառնում ու աշխատանքի է անցնում իր հարենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես՝ այդ տարիներին Երևանի և Թիֆլիսի թերթերում ու ամսագրերում տպագրելով պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ:
Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:
1924 թվականին լույս է տեսնում Բակունցի «Գավառական նամականին», որը անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը, իսկ «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը նոր լույս են սփռում նրա անսպառ եռանդի ու էության բացահայտմանը: Խոսուն ակնարկաշարերի կողքին տպագրվում են նրա «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքները:
«....Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան....»
1927 թվականը վճռորոշ եղավ Բակունցի համար. նա ընթերցող հասարակության սեղանին դրեց «Մթնաձոր» ժողովածուն, որն արժանացավ ընթերցողների ջերմ ընդունելությանը:
Բակունցը գրել է նաև գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը պատկերող «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ, բանասիրական աշխատություններ: Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրք» հավաքածուն:
Բակունցի սցենարներով «Հայֆիլմում» նկարահանվել են «Սև թևի տակ» (1930 թ.), «Արևի զավակը» (1933 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961 թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975 թ.) կինոնկարները:
Բակունցի անունով են կոչվել փողոցներ և դպրոցներ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում, մանկավարժական քոլեջ` Երևանում, 1970 թ.-ից Գորիսում գործում է նրա տուն-թանգարանը:
Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաև Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էին առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում՝ զրպարտվում էր «մահացու բոլոր մեղքերի մեջ»:
Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին, և 1936-ի օգոստոսի 9-ին շատերի հետ նաև ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝ «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն»:
Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնարդարացման ճիգերն ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը.
«Ծա՜նր է, շա՜տ ծանր... Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում... Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս... Ի՞նչ է լինելու ինձ հետ... Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք...»
Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսոր, այլ 25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:
«Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում: Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը... Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
- Ոչ մի հողն այսպես չի բուրում, չէ~...
Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, ուր ապրում և ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր, և այդպես էլ մնաց իմ հուշերում...» (Գուրգեն Մահարի)