Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը ու ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
Հուշագրի ստորագրման նպատակն է՝ գիտական և կրթական հարաբերությունների ձևավորումը երկու կառույցների միջև և դրանց հետագա զարգացումը։
Նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով կընդլայնվի Երևանի կենդանաբանական այգու ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև գործակցությունը։
Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Բարդուխ Գաբրիելյանին այգուն աջակցելու պատրաստակամության համար և ընդգծել, որ այս փաստաթուղթը կնպաստի Երևանի կենդանաբանական այգու մասնագիտական գործունեության կատարելագործմանը, այգին ոլորտի գիտական կենտրոն դարձնելուն ուղղված քայլերին։
Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ ողջունելի է Երևանի կենդանաբանական այգու նոր տնօրինության այս քայլը ՀՀ ԳԱԱ և այլ գիտական կառույցների հետ երկխոսության ձևավորման առումով։ Նա նշել է, որ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը կփորձի իր ներդրումն ունենալ Երևանի կենդանաբանական այգու հետագա զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման գործում։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի, այդ թվում՝ սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, վերապատրաստումների և այլ հարցերի շուրջ։