Հունիսի 15-ից ԱՀ պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսից պաշտպանվելու այս գլխավոր միջոցը ձեռք բերելը մեր շատ համերկրացիների շրջանում հնարավոր է՝ որոշ դժվարություններ առաջացնի, Արցախի Հանրապետության պարետատունը, կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում, նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և այն մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց:
Մասնավորապես, ձեռք բերվող դիմակների գնի սուբսիդավորման արդյունքում՝ շուկայում վաճառվող մինչև 250 դրամ շուկայական միջին արժեք ունեցող դիմակը մեր համերկրացիներին առաջարկվում է 100 դրամով: Հավելենք, որ դիմակները բժշկական են և եռաշետ, բարձր որակի՝ համապատասխան բժշկական ստանդարտներին:
Պաշտպանիչ դիմակները կարելի է ձեռք բերել փոստային կապի ազգային օպերատորի՝ «Արցախփոստ» ընկերության բաժանմունքներից, հենակետերից և շրջանային մասնաճյուղերից:
Չարաշահումներ չթույլատրելու համար յուրաքանչյուր քաղաքացու միաժամանակ կվաճառվի ոչ ավելի, քան 50 դիմակ (1 տուփ):
Այս պահին հանրապետությունում պահեստավորված են անհրաժեշտ քանակությամբ դիմակ և ախտահանիչ նյութեր»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ: