Շնորհակալ եմ մեր այն քաղաքացիներին, որոնք պահում են հակահամաճարակային կանոնները և աջակցում են կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեսնում ենք, որ կանոնները պահող քաղաքացիների թիվն օրեցօր շատանում է, շատանում են նաև հակահամաճարակային շարժման ակտիվիստների թիվը:
Ուրախ եմ, որ իմ առավոտյան ուղերձին շատ քաղաքացիներ և փորձագետներ դրական են արձագանքել: Իսկ ուղերձը հետևյալն է՝ մեր պետական կարգերը հաստատվել են ի հեճուկս մեր կամքի, ի հեճուկս մեր ազգային և քաղաքացիական արժանապատվության, իսկ հիմա «Ճգնաժամը որպես հնարավորություն» հայեցակարգի շրջանակում մենք պետք է հարցը լուծենք հետևյալ կերպ՝ այն կարգապահությունը, որը ՀՀ բազմաթիվ քաղաքացիների ջանքերով ստեղծվում է Հայաստանում, պիտի լինի մեր ազատ կամքի արտահայտումը»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վարչական միջոցների գործադրումը շարունակվելու է, քանի որ շատ քաղաքացիներ դեռ չեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Այն լուրերը, որ վարչական տույժերը չեղարկվելու են, իրականությանը չեն համապատասխանում, այդպիսի հույսերն իզուր են, դրանք պիտի վճարվեն, չնայած որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ նրանց քաջալերելը, բայց եթե կանոնները չեն պահպանվում, դրա համար համար պիտի պատասխանատվություն սահմանվի:
Հակահամաճարակային գործողություններին մենք կներգրավենք նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների, որպեսզի նրանք կարգախմբերին հրավիրեն, և վերջիններս պարետի սահմանած կանոնների չպահպանման համար կիրառեն վարչական պատասխանատվության մեթոդներ»,- ասաց վարչապետը:
Նա ցավակցեց մահացածների ընտանիքներին և նշեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է նույն կամ մոտակա հասցեներում, ինչը նշանակում է, որ վարակը տարածվում է հիմնականում բակերում, թաղամասերում, և այդ ուղղությամբ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, և դա շարունակվելու է:
Փաշինյանն ընդգծեց, որ վարակի տարածման աղբյուր են շարունակում մնալ նաև հոգեհանգստի և թաղման արարողությունները և ընդհատակյա հարսանիքները: