Նրա անունը հոմանիշն է ռեկորդի, չեմպիոնության ու հաղթանակի: 1956 թվականի այս օրը՝ հունիսի 13-ին, Գյումրիում ծնվել է հերթական չեմպիոնը՝ անգերազանցելի Յուրի Վարդանյանը:
Աշխարհահռչակ ծանրամարտիկը այդ մարզաձևով սկսեց զբաղվել 1970 թ.-ից՝ հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի գլխավորությամբ Լենինականի փոքրիկ ու կիսամութ դահլիճում, որտեղ հազիվ տեղավորվում էր ծանրամարտի մեկ հարթակ:
Հորեղբայր Սերգեյը ծանրամարտով բավական ուշ էր սկսել զբաղվել՝ բանակում ծառայելիս: Բայց ծառայությունն ավարտելուց հետո սկսել էր աշխատել գործարանում ու, չնայած վարպետի կոչմանը, մոռացել էր ծանրաձողը, մինչև եղբայրը՝ Նորայրը, առաջարկեց մասնակցել շրջանի ծանրամարտի առաջնությանը: Երևի հենց այդ առաջնության ժամանակ կանխորոշվեց Սերգեյի ամենամոլի ու հավատարիմ երկրպագուի՝ եղբորորդու՝ 6-ամյա Յուրի ճակատագիրը, իսկ արդեն 1975-76 թթ. Հայաստանը երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ուներ:
43 ռեկորդ, 111 ոսկե մեդալ, երբ խոսում են թվերը...
Նա աշխարհի բազմակի (1977-1979, 1980-1981, 1983, 1985 թթ.), օլիմպիական (1980 թ.), Եվրոպայի (1977-1978, 1980-1981, 1983 թթ.) և ԽՍՀՄ (1977, 1979, 1981 թթ.) չեմպիոն ու գավաթակիր (1976 թ.) է:
Տրիումֆային Մոսկվա 1980-ը
Օլիմպիական խաղերում 82.5 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճելով, համաշխարհային 5 ռեկորդ սահմանելով՝ դարձավ միջին քաշային կարգում առաջին ծանրորդը, որը երկամարտում գրանցել է 400 կգ:
«Չէի կասկածում, որ օլիմպիական չեմպիոն եմ դառնալու: Դեռ երբ քաշային կարգս նոր էի փոխել, երկրպագուներիս խոստացել էի, որ առաջինն եմ լինելու ու երկամարտի արդյունքում 400 կգ եմ բարձրացնելու: Այն ժամանակ ռեկորդը 372,5 կգ էր: Թեև քչերն էին ինձ հավատում, բայց խոստումս կատարեցի:
Երբեք չեմ մոռանա այս դրվագը: Այն բանից հետո, երբ Օլիմպիական խաղերում հրեցի 222,5 կգ, մրցումները լուսաբանող Նիկոլայ Օզերովը մի քանի րոպե ոչինչ չէր կարողանում ասել, պարզապես լռել էր: Այդ մասին ինքն է ինձ պատմել: Այն ժամանակ պետք էր հնարավորինս քիչ էմոցիոնալ լինել եթերում: Ամբողջ դահլիճն էր կանգնած ծափահարում, երկար ժամանակ դրանք չէին դադարում: Իսկ դահլիճից հեռանալու համար 3 ժամ պահանջվեց, այնքան շատ երկրպագուներ էին շրջափակել ինձ:
Մեծ ոգևորությամբ պատրաստվում էի նաև 1984-ի խաղերին: Սակայն ցավալիորեն ԽՍՀՄ-ը բոյկոտեց դրանք ու չմասնակցեց: Կազմակերպվեցին Բարեկամություն-84 խաղերը, ես կրկին 5 ռեկորդ սահմանեցի ու երկամարտում գրանցեցի 405 կգ: Չնայած Բուլղարիայում ես հաղթեցի նրանց սիրելի Զլատևին, դահլիճը Մոսկվայից ոչ պակաս ջերմ ողջունեց ինձ:
Դա էլ վերջը չէր, ցանկանում էի մասնակցել նաև 1988-ի Սեուլի Օլիմպիադային: Եթե բախտս բերեր, միանգամից 4 խաղերում կարող էի հանդես գալ: 1976-ին շատ երիտասարդ էի, ու ինձ թիմում չընդգրկեցին: Իսկ 88-ին 32 տարեկանում էլ պատրաստ էի լավ արդյունք գրանցել, բայց նորից չմասնակցեցի»,- ասել է մարզիկը:
Անհամրելի մեդալները
Հաջորդող օլիմպիական ցիկլում եղել է իր քաշային կարգի առաջատարը, սակայն 1984-ին ԽՍՀՄ-ն բոյկոտել է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը, Վարդանյանն էլ չի կարողացել մասնակցել:
1985 թվականին սահմանել է աշխարհի 43 ռեկորդ: Իր կարիերայում 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել: Դա տեղի է ունեցել 1979-ին Սպարտակիադայում, Մոսկվա 1980-ում ու Դրուժբա-84-ում, որտեղ երկամարտի ցուցանիշը հասցրել է 405 կգ-ի:
Քաղաքականությունը
80-ականների վերջին կենտրոնացել է քաղաքականության վրա: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ: 90-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, զբաղվել հասարակական գործունեությամբ ու մարզչությամբ. մարզել է որդուն՝ Նորայր Վարդանյանին: 2009-ին վերադարձել է Հայաստան, նշանակվել Սերժ Սարգսյանի խորհրդական: 2013-ին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: 2014 թվականին ազատվել է այդ պաշտոնից ու նշանակվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այդ պաշտոնից էլ ազատվել է 2017 թ.:
2018-ի նոյեմբերի 1-ին փառահեղ մարզիկն իր մահկանացուն է կնքել ԱՄՆ-ում՝ հարազատներով և ընտանիքի անդամներով շրջապատված: